BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բացվում է կարիերիստների քաղաքական դպրոց

Բացվում է կարիերիստների քաղաքական դպրոց
20.10.2016 | 09:05

«Հայկական վերածնունդ» կուսակցությունում միջազգային գործընկերների աջակցությամբ սկսվել է կուսակցական ակտիվի վերապատրաստման գործընթաց, որ կավարտվի նոյեմբերին Քաղաքական դպրոցի հիմնմամբ: ՀՎԿ հաղորդագրության համաձայն՝ «հնարավորություն կտա ինչպես ՀՎԿ, այնպես էլ հասարակական-քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող բազմաթիվ երիտասարդների ձեռք բերել ժամանակակից քաղաքագիտական գիտելիքներ»:
ՀՎԿ-ն վերապատրաստման ծրագրեր է սկսել «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ԱՄՆ Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի (NED) ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպվող ծրագրի շրջանակներում: «Հայկական վերածնունդը» վերապատրաստման դասընթացներ է իրականացնում նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում, որը հնարավորություն է տալիս բարձրացնել կուսակցության ներկայացուցիչների գիտելիքները ժամանակակից քաղաքական զարգացումների, ընտրական գործընթացների արդյունավետ պլանավորման և կազմակերպման, երիտասարդների, կանանց և սոցիալական տարբեր խմբերի քաղաքական մասնակցության բարձրացման և կուսակցական քաղաքականության ու զարգացման հարցերի վերաբերյալ, փոխանցում է կուսակցությունը:


Այսքանը լրահոսից, իսկ հիմա փորձենք հասկանալ՝ ի՞նչ կապ ունի ՀՎԿ-ն «հասարակական-քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող բազմաթիվ երիտասարդների» հետ ու ի՞նչ «ժամանակակից քաղաքագիտական գիտելիքներ» պիտի հաղորդի նրանց: Սա տուրք է քաղաքական մոդայի՞ն, որ կուսակցությունները իրենց համար «դպրոցներ» են ստեղծում, թե՞ ավելի մեծ ծրագիր է: Երկու դեպքում էլ նվազագույնը անհեթեթ է: Ի՞նչ է երիտասարդներին սովորեցնելու ՀՎԿ-ն՝ ինչպես միշտ մնալ ալիքի վրա՞, ինչպես որոշել ճամբարից ճամբար տեղափոխվելու ամենահարմար պահն ու գի՞նը, ինչպես սոցիալական պոպուլիզմը դարձնել քաղաքական կո՞ւրս, ի՞նչ, ինչպե՞ս և ինչքա՞ն վճարել ընտրողին՝ վստահության համար, ինչպե՞ս համաձայնագրեր ստորագրել՝ ինչպես սեփական անունն են գրում ու խախտե՞լ՝ ինչպես անունն են փոխում: ՕԵԿ-ՀՎԿ-ի անցած ճանապարհը դասական օրինակ է՝ ինչ չպիտի անի քաղաքական կուսակցությունը, ժողովրդավարության նկատմամբ հարգանքի նշույլներ ունեցող որևէ հասարակությունում նման կուսակցությունը առաջին իսկ ճամբարափոխությունից հետո դուրս կմղվեր քաղաքական դաշտից, իսկ ՕԵԿ-ՀՎԿ-ն շարունակում է պահանջարկ վայելել քաղաքական համակարգում: Ոչ այն պատճառով, որ ինքն է անփոխարինելի, այլ՝ համակարգն է արատավոր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվ զարմանալին այս պատմության մեջ ոչ թե ՕԵԿ-ՀՎԿ-ի հերթական նախաձեռնությունն է, այլ՝ ԱՄՆ Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի (NED) ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI), «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ նրանց հետ համագործակցության փաստը: Փողերը քամուն տալու տասնյակ տարբերակներից նրանք ընտրել են ոչ միայն վատագույնը, այլև ամենաանարդյունավետը՝ կուսակցական երիտասարդ կարիերիստներին բոլորովին այլ գիտելիքներ են պետք, իսկ ժամանակակից քաղաքական զարգացումների, ընտրական գործընթացների արդյունավետ պլանավորման և կազմակերպման, երիտասարդների, կանանց և սոցիալական տարբեր խմբերի քաղաքական մասնակցության բարձրացման և կուսակցական քաղաքականության ու զարգացման հարցերը կապ չունեն իրենց ընտրած կուսակցության հետ։


:

Դիտվել է՝ 1913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ